19:38 , 22 նոյեմբեր, 2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար: Պարոն Սահակյանը կարևորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները:
Գալուստ Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներգրավվածությամբ և ակտիվ աջակցությամբ: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձևաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձև:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Կուսակցությունների մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքների նախագծերին, ինչպես նաև խոսել է 2017 թվականի ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետների մասին:
Բարեփոխումների համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018 թթ. ծրագրի լիարժեք իրականացումը, որով նախատեսվում են համապարփակ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում:
«Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նպատակը երկրում կոռուպցիայի կանխարգելումը և պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան կոռուպցիայի նկատմամբ երկրում զրոյական հանդուրժողականության ձևավորումը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքը թե վեհաժողովում, թե հանձնաժողովներում: Ալան Միլն արդյունավետ է համարել Հայաստանում իրականացված բարեփոխումները, ինչի արդյունքում քաղաքական ուժերի մոտ ձևավորվել է երկխոսելու մշակույթ: Համազեկուցողներն իրենց կարողությունների և հնարավորությունների սահմաններում պատրաստ են այսուհետ ևս աջակցելու Հայաստանին հետագա բարեփոխումներում:
Քննարկվել են այլ հարցեր ևս: