18:26 , 21 նոյեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Ադրբեջանի կառավարությունը 2017 թվականի համար կանխատեսել է 7,3 տոկոս միջին տարեկան գնաճ:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի կառավարության կանխատեսումների համաձայն` 2018 թվականին միջին տարեկան գնաճը կազմելու է 4,9, 2019-ին` 3,9, 2020 թվականին` 3,5 տոկոս:
Ադրբեջանում ընթացիկ տարվա 10 ամիսներին միջին տարեկան գնաճը կազմել է 11,2 տոկոս, պարենային ապրանքների համար` 12,7, ոչ պարենային ապրանքների համար` 15,9, ծառայությունների համար` 5,2 տոկոս:
2016 թվականի հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ՝ Ադրբեջան ներկրվող որոշ ապրանքների համար նոր եւ ավելի բարձր ներմուծման մաքսատուրքեր են սահմանվելու:
Փորձագետների տված գնահատականների համաձայն` ընդունված որոշման հետեւանքով երկրում բարձր գնաճ կնկատվի, ինչը ավելի կծանրացնի Ադրբեջանի բնակչության առանց այն էլ դժվար սոցիալական վիճակը: Ադրբեջանի կառավարությունն այս որոշմամբ ցանկանում է կտրուկ ավելացնել երկրի 2017 թվականի բյուջեի մուտքերը, որոնք, ըստ կանխատեսումների, մաքսային տուրքերի վերաբերյալ այս նոր որոշման արդյունքում կավելանան 27.2 տոկոսով:
Ադրբեջանի կառավարությունը ելքեր է փնտրում նախորդ տարի նավթի եւ մանաթի էժանացումից հետո ծանր վիճակում հայտնված երկրի բյուջեն փրկելու համար: