ԱՆ ՔԿՎ-ն Շիրխանյանի հարցով անհապաղ դիմել է առողջապահության նախարարությանը. Պարզաբանում


17:43 , 21 նոյեմբեր, 2016

Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ:

Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում իրականացնելու համար: Պատասխանը ստանալուն պես այդ մասին ևս կտեղեկացնենք:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունն այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Հ.Գ. Փաստաբանին հորդորում ենք հավատարիմ մնալ իր մասնագիտությանը, զբաղվել միայն մասնագիտական գործունեությամբ և ոչ թե՝ բժշկությամբ: