01:25 , 21 նոյեմբեր, 2016
Shamshyan.com-ը գրում է.
Նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Նարեկ Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․Շամշյանի տեղեկություններով Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Lexus-ին։
Fiat-ի վարորդի վրայից զգացվում էր ուժեղ ալկոհոլի հոտ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
