«Հարյուր տոկոսով խփող եմ». 29-ամյա երիտասարդը պատանուն մեղադրելով քրոջը նեղացնելու մեջ, առևանգել-տարել է Հրազդանի կիրճ ու կրակելու սպառնալիքով՝ թալանել


19:15 , 20 նոյեմբեր, 2016

1257102Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Խաչատուր Զոհրաբյանի գործի դատական քննությունը:

29-ամյա Խաչատուր Զոհրաբյանին մեղադրանք էր առաջադրվել շահադիտական դրդումներով անչափահասին առևանգելու, նրա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:

Խաչատուրը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, վերջին անգամ 2013 թվականին Ռուսաստանում դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Այս գործով Խաչատուրը կալանքի տակ է 2016 թվականի հուլիսի 1-ից:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Խաչատուրը տաքսի է նստել, պատվիրել է իրեն Շենգավիթով տանել Փարաքար:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, երբ Խաչատուրը տաքսիով անցնում էր մարզահամերգային համալիրի մոտով, ցայտաղբյուրի մոտ մի պատանու է տեսել միայնակ կանգնած: Պատանին 15 տարեկան Ազատ Գ.-ն էր:

Խաչատուրը որոշել է վախեցնել անծանոթ տղային ու նրանից հափշտակություն կատարել:

Նա կանգնեցրել է տաքսին, մոտեցել է տղային ու նրան մեղադրել է իր քրոջը նեղացնելու համար. «Արա՛ դո՞ւ ես իմ քրոջը բան ասել» : Երբ Ազատը պնդել է, թե ինքը ոչ մեկի քրոջը չի նեղացրել, Խաչատուրը պահանջել է, որ Ազատը իր հետ նստի տաքսի, գնան քրոջ մոտ, թող քույրը նրան տեսնի ու ասի՝ նա՞ է եղել նեղացնողը, թե՞ նա չի եղել:

Անչափահասին այդպես խաբելով՝ տաքսի է նստեցրել ու վարորդին պատվիրել է իրենց տանել Հրազդանի կիրճ:

«Ֆլորենսիա» ռեստորանից մոտ 300 մետր հեռավորության վրա Խաչատուրը կանգնեցրել է տաքսին: Նա տղայի հետ իջել է մեքենայից:

Հասկանալով, որ տարիքով պայմանավորված՝ միայնակ դեռահասը այդ վայրում խոցելի է, նրան վախեցնելու համար Խաչատուրը ձեռքը տարել է գոտկատեղի հետևը, տպավորություն է ստեղծել, թե ուր որ է՝ զենքը հանելու է: Միաժամանակ նա պահանջել է, որ տղան մոտի եղած ամբողջ գումարը տա իրեն, ու սպառնացել է. «Եթե փախնես, հարյուր տոկոսով խփող եմ»:

Պատանին վախեցել է, իրական վտանգ է զգացել: Նա հանել ու Խաչատուրին է տվել մոտը եղած ամբողջ գումարը՝ 4 հազար դրամը: Խաչատուրը փողը վերցրել, նստել է տաքսի ու հեռացել է:

Օրեր անց նրան հայտնաբերել են, կալանքի տակ են առել ու մեղադրանք են առաջադրել:

Դատարանում Խաչատուր Զոհրաբյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում: Նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված ընթացակարգով:

Դատարանը Խաչատուր Զոհրաբյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ կետերով, 175 հոդվածի 1-ին մասով ու վերջին հաշվով դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 1-ից: