Նուբարաշենում մայրը տնից հեռացած 15-ամյա որդուն ծեծել է քաղմասում՝ իմանալով, որ նա ուզում է միայնակ ապրել


14:15 , 20 նոյեմբեր, 2016

hqdefaultԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Ջուլետա Ն.-ի (անունը՝ ըստ դատական ակտի) գործի դատական քննությունը:

44-ամյա Ջուլետային մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, հարվածներ հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժողը Ջուլետայի անչափահաս որդին է, դեպքի պահին՝ 2016 թվականի ապրիլի 18-ին տղան 15 տարեկան էր, նա ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 19-ին:

Ըստ մեղադրանքի՝ մայրը դեռահաս որդու նկատմամբ բռնություն է գործադրել ոչ ավել, ոչ պակաս՝ ոստիկանության բաժանմունքում, ոստիկանության աշխատողի աշխատասենյակում:

Ըստ մեղադրանքի՝ 15-ամյա Գնելը (անունը փոխված է) հեռացել է իրենց տանից՝ չցանկանալով մոր հետ բնակվել: Մայրը 2016 թվականի ապրիլի 17-ին դիմել է ոստիկանություն, որ որդուն հայտնաբերեն ու տուն վերադարձնեն:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղան հայտնաբերվել է տատիկի տանը, նրան մեկ ժամվա ընթացքում ոստիկանություն է ներկայացրել հորեղբայրը:

Ապրիլի լույս 18-ի գիշերը՝ ժամը 00.30-ի սահմաններում հայրը, մայրը, որդին գտնվել են ոստիկանության բաժանմունքի 8-րդ աշխատասենյակում:

Գնելը կտրականապես հրաժարվել է տուն վերադառնալ, միևնույն ժամանակ «դրսևորել է արհամարհական վարքագիծ, որը նյարդայնացրել է» նրա մայրիկին՝ Ջուլետային:

Մայրը ձեռքով երկու անգամ հարվածել է որդու քթի շրջանին, պատճառել է ֆիզիկական ցավ, տղայի քթից արյուն է հոսել: Մայրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ջուլետա Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Գնելն իր հարազատ որդին է: Նա, իր կարծիքով, շատ վատ շրջապատ է ընկել: Ինքը, որպես ծնող, պարբերաբար դիմել է ոստիկաններին, որ իրեն որևէ կերպ օգնեն՝ որդուն դուրս բերեն շրջապատից:

Մի օր որդին ցանկացել է գնալ ձկնորսության: Ամուսինը թույլատրել է, նրան գումար է տվել, բայց դրանից հետո Գնելը տուն չի վերադարձել: Իրենք սկսել են փնտրել նրան:

Ինքը զանգահարել է ամուսնու եղբորը, վերջինս ասել է, որ Գնելի մասին տեղեկություն չունի: Բայց նա գնացել է Երևանյան լճի մոտ, գտել է Գնելին ու տարել է իրենց տուն: Ինքը գնացել է այնտեղ, Գնելին տուն է տարել:

Բայց դրանից հետո Գնելը նորից փախել է տանից: Ինքը ապրիլի 17-ին դարձյալ դիմել է ոստիկանություն: Հորեղբայրը Գնելին գտել է տատիկի տանը ու բերել է ոստիկանություն: Այնտեղ ինքը նյարդայնացած վիճակում ձեռքով հարվածել է որդու դեմքին, նրա քթից արյուն է հոսել: Ոստիկաններից մեկը բռնել է իր ձեռքը, չի թողել, որ ինքը շարունակի հարվածել…

Ջուլետան ասել է, թե ինքը ցանկանում է, որ որդին ապրի իրենց տանը, զերծ մնա վատ շրջապատից, որպեսզի հետագայում գողության համար բանտերում չհայտնվի, այլապես ինքը չի կարող փրկել նրան:

Դեպքից հետո որդին բնակվում է հորեղբոր տանը, իր հետ չի խոսում: Ինքը չի հասկանում, թե որդին ինչու չի ցանկանում բնակվել իրենց հետ:

Անչափահաս տուժող Գնելը դատարանում հայտնել է, որ մոր՝ Ջուլետայի հետ մշտապես լարված հարաբերությունների մեջ է: Իրենք հաճախ վիճել են, ինչից նեղված՝ ինքը ապրիլ ամսին՝ կոնկրետ օրը չի հիշում, տանից հեռացել, գնացել է Երևանյան լճի հարակից տարածք՝ ձուկ բռնելու: Դրանից հետո տուն չի վերադարձել:

Մայրը դիմել է ոստիկանություն: Հորեղբայրն իրեն գտել է տատիկի տանն ու տարել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատասենյակներից մեկում, երբ ոստիկանը հեռախոսով խոսում էր, մայրը երկու անգամ ձեռքով հարվածել է իրեն: Սենյակում էր նաև հայրը: Իրենից հետաքրքրվել են, թե ինչու տուն չի գնում, բայց ինքը չի ասել տնից հեռանալու բուն պատճառը:

Դեպքից հետո ինքը հաղորդում է տվել մոր կատարածի վերաբերյալ:

Դատական նիստի ավարտին՝ վիճաբանությունների փուլում, տուժողը հայտնել է, թե մոր դեմ բողոք չունի, հաշտվել է նրա հետ, չի ուզում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Գնելի հայրը հայտնել է, որ Ջուլետան իր երկրորդ կինն է, համատեղ կյանքում իրենք երեք երեխա ունեն: Որդին՝ Գնելը, հեռացել է տանից, իր կարծիքով այն պատճառով, որ ինքն ու կինը հաճախ վիճում են, լարված հարաբերությունների մեջ են: Ինքն ու որդին նույն վայրում են աշխատում: Ինքը ամեն օր զրուցում է որդու հետ, տուն է կանչում նրան, բայց նա չի գալիս, չի էլ ասում հեռանալու պատճառը:

Ջուլետան առանց իր իմացության է ոստիկանություն դիմել: Իրեն զանգել են ոստիկանությունից, կանչել են բաժին: Գնացել, տեսել է Ջուլետան բաժնում է: Իր եղբայրը բաժին է բերել Գնելին: Իրենք երեքով գտնվել են ոստիկանի աշխատասենյակում, երբ կինը, վրդովված լինելով, հարվածել է որդուն, Գնելի քթից արյուն է եկել: Ինքն ու ոստիկանը բռնել են Ջուլետային: Կինն ամբողջ ժամանակ Գնելին համոզում էր, որ տուն վերադառնա:

Դատական վիճաբանությունների փուլում անչափահաս տուժողը հայտարարել է, թե մոր դեմ չի բողոքում, չի ուզում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի, մայրն էլ է հայտնել, որ հաշտվել է որդու հետ:

Դատարանը կարճել է քրեական գործի վարույթը՝ տուժողի ու ամբաստանյալի հաշտության հիմքով: