13:15 , 20 նոյեմբեր, 2016
Փոլ և Լինդա Մաքքարթնի ամուսիններին հասցեագրված Ջոն Լենոնի նամակը, որում նա քննադատում է զույգին, աճուրդում 24 200 ֆունտ ստերլինգով (30 000 դոլար) վաճառվել է անհայտ կոլեկցիոների: Այս մասին հայտնում է BBC-ն:
The Beatles-ի փլուզումից հետո 1971 թ. գրված նամակը Լենոնի պատասխանն է Լինդա Մաքքարթնիի քննադատությանը: Նամակում բրիտանացի երաժիշտն օգտագործում է բաց հայհոյանքներ՝ դժգոհելով Յոկո Օնոյի հետ իր կապին Մաքքարթնի զույգի վերաբերմունքից:
Նա նաև քննադատում է Փոլ Մաքքարթնիին, որ նա համոզված է ժամանակակից արվեստի ձևավորման գործում The Beatles-ի առաջնային դերի հարցում:
«Չեմ հավատում, որ դու այդքան խենթ ես, Փո՛լ, դու իսկապե՞ս հավատում ես դրան»,- գրում է Լենոնը:
The Beatles-ի նախկին անդամը նամակն ավարտում է հույս հայտնելով, որ Փոլը «ուշքի կգա»:
Նշվում է, որ նամակը լավ է պահպանվել:
