23:37 , 19 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում,- «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը:
«Կարծում եմ` Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու և նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»,- ասել է նա:
Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել. «Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք կոնգրեսականների մեծ պատվիրակության այց կազմակերպել Հայաստան»:
Օրակարգում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև նոր քույր քաղաքների հռչակումն ու Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում. «Ես ցանկանում եմ, որ Լոս Անջելեսից Երեւան ուղիղ չվերթ բացվի նաեւ անձնական նկատառումներից, քանի որ համոզված եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայաստան եմ այցելելու»:
Սակայն հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում կարևորագույն խնդիրը, որը կոնգրեսական Սփիրը հույս ունի լուծել 2017 թվականին, Հայաստանին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի օգնության վերականգնում է. «Այս հարցում ես Հայաստանի օգնության կարիքն ունեմ: Մենք ցանկանում ենք Հայաստան վերադարձնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի դրամաշնորհները: Դա լուրջ գումարներ են Հայաստանի համար և որքան խորը զարգանա ժողովրդավարությունը Հայաստանում, այնքան մեծ է այդ օգնության Հայաստանին տրամադրելու հավանականությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ