23:21 , 19 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Գյումրիի Սև ամրոց համերգասրահում նոյեմբերի 18-ին Մանսուրյանական երեկո էր, որի գլխավոր աստղը Վիեննայից ժամանած օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էր: Երգչուհին պատասխանել է Tert.am–ի հարցերին։
- Տիկին Պապյան, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ՝ 30 տարի բեմում: 1986թ. նոյեմբերի 16, Սևիլյան սափրիչ, Ռոզինա: Ինչպիսի՞ն էր նա՝ այդ ամենաառաջինը:
- Շատ անսպասելի էր, քանի որ ես փոխարինում էի դերասանուհուն: Ես դեռ ուսանող էի, ինձ զանգահարեցին առավոտյան ժամը 11-ին օպերային թատրոնից (ես դեռ օպերայում ոչ մի անգամ չէի երգել), հարցրեցին, թե արդյոք գիտեմ Ռոզինայի դերերգը: Կոնսերվատորիայում մենք քննություն էինք տվել, և ես ամբողջը սովորել էի: Գնացի օպերա, երբ կատարեցի, դիրիժորն ասաց, որ պատրաստ է, կարող է երգել: Բեմական փորձի ոչ մի հնարավորություն չկար. արդեն ժամը 3-ն էր: Ռեժիսորն ասաց, դե պետք է կոկետություն անես, շարժվես բեմում: Ես տեսել էի այդ ներկայացումը, ինձ ծանոթ էր: Բեմական հագուստ էլ անգամ չունեի, տնից իմ հագուստով եկա օպերա և երգեցի…
-Բեմը մեծ ուժ է, ի՞նչ կասեք Դուք՝ 30 տարի հետո հայացք նետելով բեմին:
-Այսքան տարվա ընթացքում շատ դժվար է եղել, զոհողությունները շատ են եղել, բայց երբ վարագույրը բացվում է, նվագախումբը նախերգանքը նվագում է, ուժերդ վերականգնվում ենք, և դու բեմում ես, երգում ես մեկը, հետո մյուսը, մյուսը...
-Ձեր մայրը Գյումրիից է, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար այս համերգը Գյումրիում:
-Իմ մանկությունն անց է կացել Գյումրիում. ամառային արձակուրդներին միշտ գալիս էինք Գյումրի: Ես հոգևոր կապ ունեմ այս քաղաքի հետ: Այժմ էլ ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, գոնե մի քանի ժամով պետք է գամ Գյումրի: Կարիք ունեմ այս մարդկանց հետ շփման, այդ պատվախնդրությունը… գյումրեցիները դեռ չբացահայտված հատկանիշներ ունեն, ֆենոմեն են: Ես իմ մեջ կրում եմ այդ խառնուրդը՝ սեբաստացի, պոլսեցի, ղարսեցի, գյումրեցի… այդ խառնուրդը տվել է իր արդյունքը:
-Դուք նշել եք Ձեր հարցազրույցներից մեկում, որ հայի մեջ կա խեղճություն: Իսկ դա չի՞ խանգարել Ձեզ, որպես հայ երգչուհի, գրավել աշխարհահռչակ բեմեր:
- Խեղճություն ասելով՝ ես ավելի շատ նկատի ունեմ խոնարհությունը, այսինքն՝ ինքդ քեզ գերագնահատելու: Մենք խնդիր ունենք ինքնահաստատվելու, բայց ոչ ուրիշների հաշվին: Ամենամեծ հաջողությունների հասած հայերի մեջ այդ խեղճությունը կա… աչքերում: Ես կասեի՝ խոնարհությունը և համեստությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ