Աշտարակ-Թալին ճանապարհատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին


15:24 , 19 նոյեմբեր, 2016

«Համայնքապետը պետք է գա և մեզ հետ գործնական խոսի: Համայնքապետը պետք է նշի, որ եթե այսքան գումար տանք, այս կանեք, այն կանեք, ոտքի կկանգնեք, ռիսկերը կնվազեն, որպեսզի մենք անընդհատ այսպիսի արտակարգ իրավիճակների մեջ չընկնենք: Տալիս եք ծրագիր, դուք ինչ բեռ եք վերցնում, մարզպետն ինչ բեռ, նախարարն ինչ բեռ, ես ինչ բեռ»,-Արագածոտն գյուղում բնակիչների ու համայանքապետի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընացքքում վարչապետն  այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհատվածում շինաաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Կարապետյանը կարևորել է որակական չափանիշների և ժամանակացույցի հստակ պահպանումը:

Այցի ավարտին վարչապետն Արագած համայնքում հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկել մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

«Մենք ցանկանում ենք քննարկել Արագածոտնի մարզի զարգացման ծրագիրը, լսել մարզպետին, համայնքների ղեկավարներին, թե որոնք են մարզի խնդիրները, որոնք՝ առաջարկվող լուծումները, զարգացման ծրագրերը: Պետք է այդ ծրագրերի մեջ առանձնացնենք նրանք, որոնք կարող են արագ, շոշափելի արդյունք տալ, նշենք այն ծրագրերը, որոնք խիստ անհրաժեշտ են, նաև ֆիքսենք՝ ինչ է անում համայնքը, ինչ է անում մարզպետարանը, ինչ են անում ՀՀ նախարարությունները,  գերատեսչությունները և ՀՀ կառավարությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ գործադիրն արձագանքելու է այն ծրագրերին, որոնք առավել էֆեկտիվ են, որտեղ համայնքը, մարզպետարանը, համայնքի բնակիչները, համայնքի բիզնեսն իրենց վրա բեռ են վերցնելում, խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ստեղծմանը և այլ կարևորագույն խնդիրների լուծմանը: