15:16 , 19 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Այսօր ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և այլ աշխատակիցների հետ շրջայց է կատարել համալսարանական ուսանողական հանրակացարանների երկու մասնաշենքերում և հանրակացարանի կից շրջակայքում, տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը:
ԲՈՒՀ-ի ղեկավարությունը տեղում մանրամասն ծանոթացել է հանրակացարանների վիճակին, արձանագրել է առկա խնդիրները: Վերջիններս սեղմ ժամկետում շտկելու ուղղությամբ՝ պատասխանատուներին տրվել են հստակ հանձնարարականներ:
ԵՊԲՀ-ի ուսանողական հանրակացարանները տեղակայված են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Հանրակացարաններում ուսանողները կարող են հյուրընկալվել անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից և կրոնական ուղղվածությունից:
Հանրակացարանների բոլոր սենյակները հագեցած են օգտագործման անհրաժեշտ պարագաներով: Այստեղ կան նաև սրահներ, որոնք նախատեսված են ընթերցանության, տարբեր հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու համար:
Հանրակացարանների առաջին հարկում գործող ճաշասրահում ուսանողներին տրվում է անվճար նախաճաշ, իսկ համակարգչային սենյակն ապահովված է անվճար ինտերնետով: