Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանի զզվանքը չի՞ գալիս, երբ իրեն ակնհայտ ու անընդմեջ քծնում են


18:28 , 26 փետրվար, 2013

Նայում եմ ԱԺ նիստը ուղիղ միացումով, չգիտեմ ոնց մեկնաբանել մի բան, որը մոտս, շատ մեղմ ասած, ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում: Հավատացեք, անկախ իմ քաղաքական դիրքորոշումից՝ տհաճն այն չէ, թե ինչն է պաշտպանում բանախոսը, տհաճ է, որ ակնհայտ սուտ է ասվում: Ոնց է դա արվում, ում կողմից, ում ուղղությամբ: Մի տեսնես, իրենց հերթ չտալով ո՜նց են արդարացնում հա՛մ Սերժ Սարգսյանի ընտրվելը, հա՛մ իրանց այնտեղ լինելու փաստը: Շահարկում են Ադրբեջանի գործոնը: Կան նաև այնպիսիները, ում թղթի վրայից ընթերցվող ելույթը դժվար է տարբերել «Ինչպես ես անցկացրի իմ ամառային արձակուրդը» շարադրությունից: Մյուսը սովետական ժամանակի կոլխոզնիցայի լավագույն ոճի մեջ պատմում է, թե ինչպես է մեր ժողովուրդը ուրախացել և ողջունում է ընկեր Սարգսյանի հաղթանակը: Ուռռա, ընկերներ: Ու ոչ մեկի ժամանակը ռեգլամենտով թարսի պես չի հերիքում, որ ասի, թե ով է ընտրվել նախագահ, ու որքան ընտրվածը լավն է: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանի զզվանքը չի՞ գալիս, երբ իրեն ակնհայտ ու անընդմեջ քծնում են: