20:07 , 26 փետրվար, 2013
Փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին ուղերձ հղեցին երկու աշխարհահռչակ սփյուռքահայ երաժիշտներ` Սերժ Թանգյանն ու Շառլ Ազնավուրը: Ազնավուրը շնորհավորեց Սարգսյանին ու նորանոր հաջողություններ մաղթեց: Թանգյանը բաց ու կոշտ քննադատեց` նշելով, որ. «Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք»:
Թանգյանի ու Ազնավուրի արվեստը այնքան տարբեր է, որ դրանց միավորում է միայն մեկ բան. լավ երաժշտություն և անկեղծ արվեստ լինելը: Թանգյանի ու Ազնավուրի` այս ընտրությունների առթիվ հայտնած դիրքորոշումը նրանց ավելի տարբեր է դարձնում, քան երգարվեստը: Ու ես չգիտեմ, թե ով է ավելի մեծ հայրենասիրություն դրսևորում և ավելի մեծ օգուտ տալիս իր պատմական հայրենիքին իր հայտնած դիրքորոշմամբ: Ազնավուրը պահում է իր հայրենիքի դեմքը, քողը մի կողմ չի տանում, Թանգյանը շղարշը քաշել է մեր դեմքից ու մատնացույց է անում շպարի տակ թաքնված կեղտը:
Շառլի դիրքորոշումը մեզ չի ստիպելու լվացվել, Թանգյանինը` մեծ հավանականությամբ այո:
Շառլն ու Թանգյանը իրենցով մարմնավորում են սփյուռքի` Հայաստանին ունեցած վերաբերմունքի դրևսորման երկու հակադիր ռազմավարությունները: Առաջինը դժգոհ է, սակայն այդ մասին երբեք չի բարձրաձայնում, կարող է ուղղակի խռովել ու գնալ, բայց կարևոր նրա համար, որ իրենն է, ուրեմն պիտի հաշտվի վատի հետ էլ, լավի էլ: Երկրորդ դեպքում դժգոհությունը ասվում է` փոփոխության հույսով, ցավով ու լավը դարձնելու կամությամբ:
Կարծում եմ` մեզ լավը դարձնել ուզող սփյուռքը մեզ հազար անգամ ավելի պետք է, քան մեր թերությունների վրա մեզ հետ աչք փակողը: