10:52 , 19 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան կունենա և՛ ամփոփիչ նշանակություն, և՛ կնշանավորվի երկու երկրների հարաբերություններում սպասվող նոր օրակարգերի հաստատումով:
«Կքննարկվեն արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող կամ արված ծրագրերը, կքննարկվեն հայ-իրանական հարաբերություններում եղած խնդիրները, և ակնհայտ է, որ նման տեսակի բարձր մակարդակի հանդիպումներում չեն կարող չնախանշվել նոր ծրագրեր, ուղենիշներ, նոր գործողությունների օրակարգ»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Իրանագետը նշեց, որ երկու երկրների միջև եղած հարաբերություններն այնքան բազմաշերտ են և բազմաբովանդակ, որ չի բացառվում, որ այցի շրջանակներում նոր առաջարկներ կլինեն:
Նշենք, որ Իրանի նախագահներից երկու անգամ Մահմուդ Ահմադինիժադն է Հայաստան այցելել՝ 2007-ին և 2011-ին: Փաստորեն չորս տարի հետո, ըստ «Փարս» լրատվական գործակալության, նոյեմբերի 20-ից հետո Հայաստան կայցելի Հասան Ռոուհանին:
Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններում եղած համագործակցություններին, նկատեց, որ երկու երկրների միջև չկան ծրագրեր, որոնք թարմացվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո:
«Իրականացված ծրագրերից մեկը երկու երկրների միջև վիզայի ռեժիմի չեղարկումն է, խոշոր ձեռքբերում, Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ աննախադեպ քայլ էր: Երկու երկրների միջև իրականացվող ծրագրերից են էլեկտրաէներգետիկ ոլորտին վերաբերողները»,- ասաց նա՝ կարևորելով Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ էներգետիկ համակարգերում համագործակցության հուշագիրը:
Նա նշեց, որ եթե դիտարկենք «գազ հոսանքի դիմաց» մեխանիզմը, ապա երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունից հետո Հայաստան մտնող իրանական գազի ծավալները պետք է 3-5 անգամ ավելանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ