07:16 , 19 նոյեմբեր, 2016
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2017 թվականի Ադրբեջանի պետբյուջեի նախագիծը կլինի վերջին 10 տարում բյուջեի ամենավատ նախագծերից մեկը։ Այդ մասին հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի հասարակական քննարկումների ժամանակ հայտարարել է հանրահայտ տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն։
Նրա խոսքերով՝ քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել պատգամավորների 1/3-ին, սակայն նրանցից ոչ ոք չի եկել և անգամ պրոֆիլային հանձնաժողովի անդամները։ Իբադօղլուն հայտարարել է, որ մինչև տարեվերջ մնացել է մեկուկես ամիս, սակայն պետբյուջեի մասին օրենքների փաթեթը ներկայացված չէ խորհրդարանին։
Խոսելով կոնկրետ պետբյուջեի մասին՝ փորձագետն ընդգծել է, որ այն կազմում է 9 միլիարդ դոլարից քիչ ավելի, ինչը բավական ցածր ցուցանիշ է վերջին 10 տարվա համար։ Նա համեմատության համար հիշեցրել է, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013 թվականին՝ 25 միլիարդ դոլար.
«Ներկայիս ցուցանիշները վկայում են, որ Ադրբեջանը ոչ թե զարգանում է, այլ հետընթաց է ապրում։ Կարծում եմ, որ բյուջեի 38 տոկոսը կձևավորվի նավթային եկամուտների, 45 տոկոսը՝ հարկերի, 14 տոկոսը՝ մաքսատուրքերի, 3 տոկոսը՝ այլ ոլորտների հաշվին»։