Նախագահը պետական պարգևներ է շնորհել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մի շարք ներկայացուցիչների


21:46 , 18 նոյեմբեր, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական պարգևներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Մասնավորապես, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավետիք Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: