20:55 , 18 նոյեմբեր, 2016
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, ըհամաձայն որի անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արդարացնելով փոփոխությունը, նշել է, որ դա ամենևին էլ փորձ չէ «արդարացնելու բռնաբարությունը»: «Շատերը երիտասարդ տարիքում չգիտեն օրենքները, երեխա են ունենում, հայրը բանտարկվում է, երեխաները մոր հետ միայնակ են մնում: Պարզվել է, որ նման վիճակում 3 հազար ընտանիք կա: Սա բռնաբարությունը ներելու քայլ չէ»,- ասել է նա:
Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին: