18:41 , 18 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը ևս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և հոգևոր մտերմությունը:
Այս համատեքստում Գալուստ Սահակյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչի ապացույցը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցերն են:
Որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Ռուսաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:
Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության կարևորությունը:
«Համոզված եմ, որ մեր պետությունների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, քննարկումների և քվեարկությունների ժամանակ մենք պետք է հանդես գանք համակարգված և փոխշահավետ մոտեցումներով», - նշել է խորհրդարանի ղեկավարը:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերի հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին կայանալիք համատեղ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ:
Կոնստանտին Կոսաչովը ևս կարևորել է հայ և ռուս ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր հենքի վրա: Նա անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին և մի շարք հարցերում կարևորել փոխադարձ աջակցությունը: Պարոն Կոսաչովի համոզմամբ՝ երկու երկրների պատվիրակությունների` տարբեր ձևաչափերով հանդիպումները պետք է առավել հաճախակի դարձնել:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: