14:00 , 18 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը:
«Նա հաստատեց, որ հետ է կանչում բողոքը, համաձայն է դատարանի որոշման հետ։ Ասաց, որ դա արել է կամավոր, սակայն դեմ չէ, որ փաստաբանը մասնակցի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի լսումներին։ Հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու վայրից։ Պերմյակովը խոստովանել է մեղքը և ասել, որ հանցագործությունը կատարել է միայնակ»,- դատարանի նիստում ասել է նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից: Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու և ավելի անձանց սպանությունը) կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության ր զենքի ապօրինի կրման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: