«Հրապարակ». Վանաձորը շարունակում է կամուկացով ապրել. ավագանու երկու անդամներ արդեն որոշել են մասնակցել առաջիկա նիստին


11:16 , 18 նոյեմբեր, 2016

«Վանաձորը շարունակում է կամուկացով ապրել՝ տեղի կունենա՞ ավագանու հաջորդ նիստը, քվորում կապահովվի՞, թե՞ նորից անորոշ ժամանակով կհետաձգվի: Մեր տեղեկություններով՝ ավագանու երկու անդամներ արդեն որոշել են մասնակցել առաջիկա նիստին, և երբ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հստակ երաշխիքներ ունենա այդ մասին, նոր կգումարվի հաջորդ նիստը: Լուրեր կան, որ իշխանությունն «աշխատանք» է տանում բոլորի ուղղությամբ՝ և ՀՎԿ-ի, և ԲՀԿ-ի՝ համոզելու և ավագանու նիստերին «բերման ենթարկելու» համար: Ի դեպ, ավագանու ԲՀԿ-ական անդամ Այծեմնիկ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խիստ վիրավորվել է մամուլում տարածված այն լուրերից, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել քաղաքապետի քվեարկությունից առաջ, մասնավորապես՝ Լոռու մարզպետն է բացատրական աշխատանքներ տարել իր հետ և այլն: «Ես կտրուկ ժխտել եմ այդ տեղեկությունը, և, չնայած դրան, նման տեղեկություն, այնուամենայնիվ, տպագրվեց նաև ձեզ մոտ: Դա շատ մեծ արձագանք ունեցավ, ու դրանից հետո այնքա՜ն մարդ ինձ զանգեց, նույնիսկ երեխաներս էին անհանգստացել: Ես դրանից իրոք շա՜տ-շա՜տ վիրավորվեցի»,-անկեղծացավ տկն. Օհանյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ ինքը չի խախտել պայմանավորվածությունն ու կողմ է քվեարկել Քրիստ Մարուքյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավագանու ՀՎԿ-ական և ԲՀԿ-ական անդամներն սպասում են իրենց կուսակցությունների վերնախավի հրահանգներին, որպեսզի ըստ այդմ կողմնորոշվեն ավագանու առաջիկա նիստին մասնակցել-չմասնակցելու հարցում: Նշենք, որ ԲՀԿ-ն ունի ավագանու 3, ՀՎԿ-ն՝ 5 անդամ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։