Թուրքիան պահանջում է քրդերից լքել Մանբիջը


07:55 , 18 նոյեմբեր, 2016
Image result for курдыAnadolu-ն տեղեկացնում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կրկին պահանջել է քրդական PYD-ից լքել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքը: Քուրթուլմուշը PYD-ին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի հետ անմիջական կապ ունենալու մեջ: Թուրքիայի փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ճնշումներից հետո քրդերը կլքեն Մանբիջը և կտեղափոխվեն Եփրատի արևելյան ափ:
Անկարայում սարսափում են այն մտքից, որ Սիրիայի հյուսիսում գտնվող երեք քրդաբնակ ինքնավարությունները՝ Ջազիրան, Քոբանին և Աֆրինը կարող են միավորվել մեկ ինքնավար մարզի մեջ: 2011 թ-ից, երբ Սիրիան ենթարկվեց ահաբեկիչների հարձակումներին, որոշակի մասին հովանավորում էր Անկարան և նրանց միջոցով փորձում էր իր ազդեցությունը վերականգնել Սիրիայի հյուսիսում, որը ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում: Սակայն Էրդողանի նեոօսմանական ծրագրերը ձախողվեցին: Թուրքերին ոչ միայն չհաջողվեց իրենց դիրքերն ամրապնդել Սիրիայի հյուսիսում, այլ այս տարածաշրջանում իրենց դիրքերը ուժեղացրին թուրքերի «ոխերիմ» բարեկամները՝ Սիրիայի քրդերը, որոնց ռազմական խմբավորումները՝ PYD-ը և YPG-ն միավորեցին Ջազիրան և Քոբանին: Քրդերի փորձերը՝ այս երկուսին միավորել Աֆրինը բուռն դժգոհություն առաջացրեցին Անկարայում: Էրդողանն այդ միավորումը ձախողելու համար օգոստոսի 24-ից Սիրիայի հյուսիսում նախաձեռնեց «Եփրատի վահան» ռազմական օպերացիան, որի ժամանակ «ԻՊ»-ի գրոհայիններից խլեց Ջարաբլուս քաղաքը՝ մխրճվելով քրդաբնակ Ջազիրա-Քոբանի և Աֆրինի մեջտեղը՝ թույլ չտալով վերջիններիս միավորվելու մեկ ընդհանուր միավորման մեջ: Անկարայի այդ ռազմական օպերացիան Էրդողանը միջազգային հանրություն կոչվածին ներկայացնում էր որպես «ԻՊ»-ի դեմ պայքար: Սակայն իրականում այն ուղղված էր քրդերի դեմ: Ջարաբլուսի գրավումը դեռ չի ապահովագրում Անկարային Սիրիայի քրդաբնակ անկլավների միավորման վտանգից։ Այդ իսկ պատճառով թուրքերը փորձում են շարժվել դեպի հարավ և քրդերից գրավել Մանբիջը, իսկ ԻՊ-ից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ալ-Բաբ քաղաքները, որոնք բավական մոտ են Հալեպին:
Հենց սա է Անկարայի անհանգստության պատճառը և փորձերը ուրիշի ձեռքերով, այս պարագայում՝ ԱՄՆ-ի միջոցով նվեր ստանալ այդ երկու քաղաքները, քանի որ թուրքերի կողմից Սիրիայում հովանավորվող ահաբեկչական կազմակերպություններն ի վիճակի չեն պայքարելու այդ տարածաշրջանի քրդերի ռազմական խմբավորումների՝ փեշմերգայի դեմ:
Հ.Գ. Էրդողանն ունի երկու ծրագիր՝ պլան մինիմում, որով ցանկանում է թույլ չտալ քրդաբնակ շրջանների միավորումը մեկ ինքնավարության մեջ, և պլան մաքսիմում, որով նախատեսնում է պլան մինիմումին գումարել նաև Հալեպի գրավումը Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների կողմից: Պատահական չէ, որ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ֆաշիստ առաջնորդն անընդհատ բարբաջում էր, որ Հալեպը, Մոսուլը, Սալոնիկը, Բաթումը ԹՈՒՐՔԵՐԻՆՆ են: