18:21 , 17 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն այսօր հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Նա ասաց նաև, որ երեկ հասցրել է հանդիպել նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ, այսօր էլ կհանդիպի վարչապետի հետ ու Երևանից կուղևորվի Թբիլիսի և Բաքու:
Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումն ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա, ինչպես նաև՝ Արցախի վրա, Բրիջիթ Բրինքն ասաց.
«Այս պահին չեմ կարող հստակ ուղեգծերը կանխատեսել կամ նախանշել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն աշխատել են խնդրի կարգավորման ուղղությամբ, և աշխատել են նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են եղել: Կարծում եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքները կշարունակվեն»:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ասաց, որ մինչև 2017 թվականի հունվարի 20-ը նախագահ Օբաման է պաշտոնավարելու, հետևաբար ինչպես մյուս հարցերում, այնպես էլ այս տարածաշրջանում շարունակվելու է նրա վարչակազմի կողմից նախանշված քաղաքականությունը. «Նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում առավել հստակ կդառնան արտաքին քաղաքականության և մյուս ուղղությունները»:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը խոսեց նաև Վիեննայի պայմանավորվածությունների մասին՝ ասելով, թե ակնկալում են, որ այդ ուղղությամբ առաջընթաց կլինի, ինչպես նաև հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները: