17:26 , 17 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Գործընկերների հետ արդյունավետ խորհրդակցություններ ունեցանք, այսօր Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայաստանը կարևորում է այսօրվա հանդիպման անցկացումը: Պետք է ասեմ, որ ունեցանք արդյունավետ խորհրդակցություններ: Մասնավորապես, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է մի շարք ծրագրերի, ինչպիսիք են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագիրը, հետազոտությունների ու նորարարությունների ծրագիրը և այլն:
«Ակնկալում ենք նաև առաջիկայում սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: