ՌԴ ԱԳՆ. Ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավիճակ ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում


16:46 , 17 նոյեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավիճակ ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Աշխարհում ռուսերենի կարգավիճակի հարցում մի շարք խնդիրներ կան, որոնց շարքում առաջինը մոտ արտասահմանում ռուսերենի կարգավիճակն է։ Մեր առաջնային խնդիրը հարեւան երկրներում սահմանադրորեն եւ պրակտիկորեն ռուսաց լեզվի որոշակի ամրապնդումն է»,– ասել է նա։

Միտրոֆանովան հիշեցրել է, որ ռուսերենը ԱՊՀ տարածքում լավագույն դեպքում սահմանված է որպես ազգամիջյան շփման լեզու, որը հստակ եւ հասկանալի իրավաբանական բացատրություն չունի։ «Ռուսերենն արդեն այսօր ազգամիջյան շփման լեզվի դեր է կատարում, սակայն որոշ երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում եւ Բալթյան երկրներում, նոր սերունդը չի տիրապետում ռուսերենին»,– ասել է նա։

Միտրոֆանովան հիշեցրել է, որ ՄԱԿ տվյալներով ԱՊՀ–ում ապրում է 138 մլն մարդ (ՌԴ–ն չհաշված), որոնցից ռուսերենին տիրապետում է 61 մլն մարդ։