21:52 , 16 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Չինական արտադրության սմարթֆոնները կարող են հանդերձված լինել գաղտնի ծրագրով, որը յուրաքանչյուր 72 ժամը մեկ չինական սերվեր է վերաուղարկում դրանցից առաքված տեքստային հաղորդագրությունները, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակին:
«Անվտանգության ոլորտի մասնագետները վերջերս Android գործառական համակարգով որոշ սմարթֆոնների վրա հայտնաբերել են ծրագիր, որը հետևում է օգտատերերին, թե որտեղ են նրանք, ում հետ են խոսում և ինչ են գրում տեքստային հաղորդագրություններում», - նշված է հոդվածում:
ԱՄՆ-ի՝ անվտանգության ոլորտում աշխատող Kryptowire ընկերությունը, որը հայտնաբերել է սմարթֆոններից տեղեկատվության ներբեռնման «հետնամուտքը», կարծում է, որ այդ ծրագիրը «տեքստային ուղերձների ամբողջ բովանդակությունը, հեռախոսահամարների ցուցակները, զանգերի ժամանակի վերաբերյալ տվյալները, օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալները և այլ տեղեկատվություն է հաղորդում չինական սերվերին», հայտնել է թերթը:
Kryptowire-ի փոխախագահ Թոմ Քարիգիանիսի խոսքով՝ սմարթֆոններ ձեռք բերած հաճախորդներին չի տեղեկացվել այդ ծրագրի գոյության մասին: