ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներին


15:39 , 16 նոյեմբեր, 2016

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներինPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարության դեմ, ինչպես նաև նրա դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի դեմ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցները վերաբերելու են ռազմական և մարդկության դեմ հանցագործություններին: Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում, իսկ հետո կներկայացվի նախագահի ստորագրությանը:

Բացի այդ, Կոնգրեսի ստորին պալատը քվեարկել է Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը ևս 10 տարով երկարացնելու մասին: Եթե Սենատը հավանություն չտա օրինագծին, օրենքի գործողությունը կսպառվի տարեվերջին:

Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ: