ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը. Վրաստանի ԱԳՆ


00:38 , 16 նոյեմբեր, 2016

Georgia Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին։

Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ անցկացվող զորավարժությունների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Վրաստանում անցկացվող «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները երկրի եվրաատլանտյան ինտեգրման անփոփոխ կուրսի հերթական հաստատումն են։

Զորավարժություններին վրացական կողմի հետ մեկտեղ մասնակցում են դաշինքի 13 անդամ և գործընկեր երկրների մինչև 250 զինծառայողներ։ Նման միջոցառումները նպաստում են Վրաստանի պաշտպանունակության և դաշինքի հետ համատեղելիության մեծացմանը։

ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները որակել էր որպես «տարածաշրջանի խաղաղության և կայունության համար լուրջ սպառնալիք»։