Պորոշենկոն Մայդանի դեպքերի կապակցությամբ հարցաքննության է կանչվել Ուկրաինայի Գլխավոր դատախազություն


00:13 , 16 նոյեմբեր, 2016

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 29-ին հարցաքննության է կանչվել Ուկրաինայի Գլխավոր դատախազություն՝ որպես Մայդանի ակտիվիստների դեմ հանցանքների գործով վկա։

Հարցաքննության համար կա նախագահի հետ սկզբունքային պայմանավորվածություն։ Այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Գորբատյուկը։

Նրա խոսքերով՝ ավելի վաղ հարցաքննությունը հետաձգվել է 3 անգամ, սակայն այս անգամ Պորոշենկոյի հետ ձեռք է բերվել հարցաքննության համար սկզբունքային պայմանավորվածություն։

Գորբատյուկը հավելել է, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մտադիր է հարցաքննության կանչել նաև Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին ու Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ կապված 2014 թվականի հունվար-փետրվարին Մայդանի իրադարձությունների հետ։