Պուտինը պաշտոնանկ է արել Ալեքսեյ Ուլյուկաևին


22:50 , 15 նոյեմբեր, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, ով մեղադրվել է խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա Պուտինի այդ որոշման կապակցությամբ հայտարարել է, որ Ուլյուկաևը կորցրել է վստահությունը։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հերքել է Ուլյուկաևի փաստաբանների այն հայտարարությունը, թե պաշտոնյան կապ չունի դրամաշորթության ու 2 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի հետ։

Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ փողերի վրա հայտնաբերվել են Ուլյուկաևի մատնահետքերը։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուլյուկաևի համար սահմանվել է տնային կալանք։