Պեկինի համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն


19:12 , 15 նոյեմբեր, 2016

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաև վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համարՙ ընդգծելով, որ նախագիծը կյանքի է կոչվել երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում: Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման մի շարք հարցեր: Չինաստանի կրթության նախարարը վերահաստատել է Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել Պեկինի մանկավարժական համալսարանի և Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր: Նույն օրը նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի (Հանբան) տնօրենի պաշտոնակատար Սիա Ձիենհուիի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Կոնֆուցիուսի կենտրոնին չինական կողմի ցուցաբերած աջակցության համար` շեշտելով, որ այն մեր երկու երկրների միջև կրթական և մշակութային առումով կարևոր օղակ է: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ Երևանում կառուցվող չինական դպրոցի գործունեության մեկնարկից հետո խիստ կարևորվելու է կենտրոնի դերակատարումը` Հայաստանի մանկավարժական կադրերի վերապատրաստման և տեղական կադրերով համալրելու առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ աշխատանքային ծրագիÖ € մշակել Երևանում չինական դպրոցի աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Քննարկվել է նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների ցանցի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների մեթոդի արդիականացման հարցը, կարևորվել կոնկրետ ուղղություններով դասախոսական կադրերով ապահովելու խնդիրը: Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կոնֆուցիուսի կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը: Անդրադառնալով մեր ժողովուրդների հնամյա պատմությանը` նա նշել է, որ մեր երկու ժողովուրդները դարերի ընթացքում կարողաց ել են պահպանել ու պաշտպանել իրենց քաղաքակրթությունն և ինքնությունը: Գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով տեղի է ունեցել նաև Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հանդիպումը Չինաստանի գիտության նախարարի հետ:

Նոյեմբերի 15-ին ավարտվել է նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՉԺՀ: