Քու դեմ խաղ չկա, իմ արև. Սեյրան Սարոյանը հիացած է Վիգեն Սարգսյանով


14:40 , 15 նոյեմբեր, 2016

Քու դեմ խաղ չկա, իմ արև.Սեյրան Սարոյանը հիացած է Վիգեն ՍարգսյանովAysor.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահ է եղել, որ «1000 դրամ» նախագիծն ԱԺ կբերվեր առանց որևէ բառ խոսելու:

«Սենց միասնական հարցեր քիչ ա բերվում Ազգային ժողով, որը ժողովրդի օգտին ա», - նշեց նա:

Պատգամավորը շեշտեց՝ հենց փորձեցին ժողովրդի օգտին մի բան անել՝ «էլ գող կատու, էլ քեչել շուն, էլ ով ինչ գողցավ բանակից, ամեն ինչի մասին խոսացինք, բացի էս մարդը, որ էս օրենքը բերել ա», - ասաց Սեյրան Սարոյանը:

Նրա խոսքով՝ բանակից ով ինչ գողացել է, կերել է, «մեկա քթներից գալու ա»:

«Իրանց քթերից էլ չգա, իրանց երեխեքինն ա գալու: Ես հլը չեմ տեսել, որ բանակի, զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ երեխեքը նառկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը քամուն են տալու», - ասաց գեներալը:

Նա նշեց՝ այս հարցը պետք է թողնել Աստծո հույսին: «Ավելի լավ ա Աստված պատժի, քան՝ դատախազ», - ասաց նա:

Ս.Սարոյանը, որպես միասնական լինելու օրինակ, բերեց ապրիլյան պատերազմը:

«Հենա, Նիկոլը թող ասի, մարդը զենքը վերցրել, հելել եկել էր պատերազմ, այ մարդ, պտի պատերազմ էղի, նոր միասնական լինե՞նք»:

Սեյրան Սարոյանը շեշտեց՝ «սաղս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն ա»:

«Ասում են խի պետական բյուջեն չի տալիս էտ փողերը, բան, փող պտի ունենա, որ տա, որ չունի որդո՞ւց տա: Մարդուց բան ես ուզում, որ չունի»:

Գեներալ Սարոյանը նշեց՝ այդ 1000 դրամը տալուց համարեք, թե մտել եք եկեղեցի ու երկու հատ մոմ եք վառել:

«Ես չեմ պատկերացնում, որ տենց մարդ կա, որի ընտանիքից բանակում մարդ չկա: Մենք էն մարդն ենք, որ մորքուրի փեսու մասին էլ ենք մտածում», - ընդգծեց Ս. Սարոյանը:

Նա շեշտեց՝ այդ հազար դրամները Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրենց տուն չի տանելու:

«Հարուր հատ Սարգսյան Վիգեններ կգան ու կեթան բանակում,  էդ հիմնադրամը կմնա, փորձենք լավ բան անենք, այ մարդ», -նշեց նա:

«Էրեկվանից կերան էս նախարարին, իմ արև, նույն հարցը հարուր ձևի տվեցին՝ մեկը հետևից էր գալիս, մեկն առաջից, հիմա արի, նախարար, կռուտիտ էղի, որ էդ սաղ հարցերին պատասխանես: Իմ արև, արդեն հավեսս փախել էր, հելա թողի գնացի», - ասաց նա, ապա դիմելով Վիգեն Սարգսյանին, ասաց. «Օրենքը նենց լավ գիտես, իմ արև, էլ քու դեմ խաղ չկա », - ասաց Սեյրան Սարոյանը:

Գեներալ Սարոյանի ելույթին ԱԺ-ն արձագանքեց ծափերով: Նրանից հետո հերթը Ստեփան Մարգարյանինն էր, ում ելույթից առաջ տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Սեյրանից հետո ոնց-որ Պելեից հետո ֆուտբոլ խաղաս», - ասաց նա: