12:52 , 15 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար կարող է դառնալ Մարտին Շուլցն այն բանից հետո, երբ նրա կուսակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կընտրվի երկրի նախագահի պաշտոնում: Այդ մասին գրում է Die Welt թերթը: Հրատարակության տվյալներով՝ հենց Շուլցն է գերմանական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի «առավել հավանական թեկնածուն»:
«Նոյեմբերի 14-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը՝ Շուլցի ընկերը, այդ հարցի պատասխանը չտվեց, բայց կուսակցությունում ակնկալում են, որ հենց Շուլցը կգլխավորի ԱԳ նախարարությունը»,-հայտնել է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրա հետ կարող է մրցակցել միայն Բունդեսթագում ԳՍԴԿ-ի խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը: Սակայն նման սցենարը քիչ հավանական է, նշում է հրատարակությունը:
Նոյեմբերի 14-ին ՔԴՄ-ի, ՔՍՄ-ի եւ ԳՍԴԿ-ի ղեկավարները՝ Անգելա Մերկելը, Հորսթ Զեեհոֆերը եւ Զիգմար Գաբրիելը պայմանավորվել են Շտայնմայերին առաջադրել Գերմանիայի նախագահի պաշտոնի թեկնածու: 2017 թվականի փետրվարի 12-ին կգումարվի Դաշնային ժողով՝ քվեարկելու պետության նոր ղեկավարի թեկնածության շուրջ: Ինչպես ենթադրվում է, մինչ այդ Շտայնմայերը կպահպանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: