12:26 , 14 նոյեմբեր, 2016
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Atlantic ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին։
«Ես ենթադրում էի, որ կհաղթի Հիլարին»,- հայտարարել է Քիսինջերը ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք զարմացա՞ծ է ընտրությունների արդյունքներից։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ Դոնալդ Թրամփն ընտրված նախագահ է և անհրաժեշտ է թույլ տալ նրան «զարգացնել իր փիլիսոփայությունը»։ Քիսինջերն ասել է, որ չի հրաժարվի Թրամփի հետ հանդիպումից, եթե նման առաջարկ ստանա։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին Չինաստանի արձագանքին՝ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ Չինաստանը կուսումնասիրրի իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները։ Քիսինջերի կարծիքով՝ Ռուսաստանը կբռնի նույն դիրքորոշումը։ Նա նաև հայտարարել է, որ Թրամփին չի համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջատագովը։
«Ավելի հավանական է, որ Պուտինը կսպասի՝ տեսնելու համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համագործակցում են այնպիսի ոլորտներում, որոնցում կողմերից ոչ մեկը չի վերահսկում բոլոր տարրերը, ինչպես, օրինակ, Ուկրաինան և Սիրիան։ Հավանական է, որ այս հակամարտությունների որոշ մասնակիցներ կարող են իրենց ավելի ազատ զգալ, որպեսզի որոշակի գործողություններ ձեռնարկեն։ Այդ ժամանակ Պուտինը կսպասի, որպեսզի տեսնի՝ ինչ տարբերակներ ունի»,- հայտարարել է Քիսինջերը՝ պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն կարո՞ղ է օգտվել ստեղծված իրավիճակից։
Մեկնաբանելով երկրում հավանական անկայունությունը՝ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ աշխարհում արտաքին քաղաքականության մեծ մասը վերջին 6-9 ամիսների ընթացքում սպասում էր ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։
«Նրանք հենց նոր ականատեսը եղան այն բանի, թե ինչպես մեր երկրում տեղի ունեցավ ներքին հեղափոխություն։ Նրանք կցանկանան ուսումնասիրել ստեղծված իրավիճակը։ Բայց որոշակի պահի իրադարձությունները կրկին լուծումներ կպահանջեն»,- ասել է Քիսինջերը։
Նրա խոսքով՝ բացառություն կարող են լինել «ոչ պետական խմբավորումները», որոնք կարող են այնպիսի ամերիկյան արձագանք հրահրել, որը կխափանի երկրի գլոբալ դիրքը։