16:15 , 13 նոյեմբեր, 2016
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել լրագրողների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ կապված: Այս մասին նա ասել է Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:
«Մենք որպես ԵՄ պարտավոր կլինենք մտածել՝ ինչպիսի տնտեսական միջոցների կարող ենք դիմել»,- ասել է նա: «Մինչև տարվա վերջ Մաքսային միությունը, որի անդամ է նաև Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կբարեփոխվի: Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների ձերբակալության այդ ալիքից հետո կընդլայնենք Մաքսային միությունը»,- ասել է Շուլցը:
Ըստ նրա՝ Անկարան կանցնի կարմիր գիծը, եթե նորից մահապատիժ ներդնի: «Եթե Թուրքիան վերադառնա մահապատժին, անդամակցության հարցով բանակցությունները կդադարեցվեն»,- նշել է Շուլցը:
Միաժամանակ Եվրախորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ բանը դրան չի հասնի: