22:01 , 12 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Tert.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ դեռևս նոր պատրիարքի ընտրությունների ցանկության մասին կառավարությանն ուղղված նամակը գրված չէ, բայց քննարկվում են ընտրությունները և նրա թեկնածուներին:
«Դեռ նամակը պետք է գրենք, կառավարության պատասխանին սպասենք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ իրենք նախկինում երկու անգամ գրել են, հիմա երրորդն են պատրաստում:
Դիտարկմանը, թե կա վարկած, որ թուրքական իշխանություններից ազդակ են ստացել, որ այս անգամ նոր պատրիարքի ընտրությունների դիմումը չի մերժվի, սրբազանը պատասխանեց․ «Կրոնական ժողովի մեջ որոշվեց, որ մեկ անգամ ևս դիմումով դիմենք, պատրիարքին հանգստյան կոչենք և դիմում ուղարկենք: Մենք էլ, որպես ժողովականներ, ասացինք՝ լավ: Հիմա էլ նամակը պատրաստման ընթացքի մեջ է, պիտի պատկան իշխանություններին հանձնենք: Դրանից հետո մեզ կմնա սպասել նրանց պատասխանին»:
Պոլսո պատրիարքի փոխանորդի խոսքով՝ միայն պատրիարքի ընտրությունները չէ, որ այսքան տարի տեղի չեն ունեցել. «Քանի տարի է՝ շատ այլ հաստատություններում էլ ընտրություններ չեն եղել: Ամեն ինչը պետությունից է կախված, մենք ոչ մի մեկնաբանություն չենք կարող անել, ինչ ասենք, սխալ կլինի»:
Դիտարկմանը, որ շատերն են նշում, որ Պոլսում պատրիարքի ընտրություններին երկրի ղեկավարությունը կմիջամտի, ամեն ինչ կանի, որ իր ցանկալի թեկնածուն ընտրվի, Պոլսո պատրիարքի փոխանորդը պատասխանեց. «Ես նման բան չեմ կարող ասել, բայց պետությունն է ընտրության արդյունքները վավերացնում, ինչպես օրինակ՝ Երուսաղեմի դեպքում Հորդանանը կվավերացնի, Պաղեստինը կվավերացնի, Իսրայելը կվավերացնի: Այստեղ էլ այս պետությունը կվավերացնի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ