Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Աթաթուրքի մասին դասախոսությունը


19:45 , 12 նոյեմբեր, 2016

Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Աթաթուրքի մասին դասախոսությունըBarometer.am-ը գրում է.

Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսությունը, հայտնում է "Ermeni Haber"-ը: Դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` "Աթաթուրքի շաբաթվան" նվիրված միջոցառումների շրջանակներում:

Այն պահին, երբ պրոֆ. Ջորջ Գաուրիչը սկսել է դասախոսությունը, ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել: Այնուհետև ուսանողները սկսել են վանկարկել "Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար", "Դուք հերքում եք ցեղասպանությունը": Արդյունքում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դասախոսը լքել է լսարանը. դասախոսությունը չի կայացել:

"Մեր ուղերձը հետևյալն էր` դադարեցրեք միլիոնավոր կյանքեր խլած ցեղասպանության ժխտումը: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել, ինչը կատարյալ աբսուրդ է",- նշել է ուսանողներից մեկը` Էրիկ Բադիվյանը: