17:55 , 12 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Նոյեմբերի 9-ից 11-ը Բեռլինում էր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աղվան Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի, տարբեր խմբակցությունների պատգամավորների, ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերի, Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի հետ: Հանդիպումներ են անցկացվել նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանական գործարարների ասոցիացիայում, «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում:
Հանդիպումներին պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` շարունակելու համագործակցությունը ինչպես խորհրդարանական ձևաչափով, այնպես էլ գործարար շփումներն ակտիվացնելու, համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու շուրջ:
Քննարկվել են առաջիկայում միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու հետ կապված հարցեր: Հայկական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է ԵՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածության, իրավական և տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև ՀՀ-ում բիզնես միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ և կայուն զարգացման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:
Պատվիրակության այցը Գերմանիա կազմակերպվել էր գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամի և ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ: