Թրամփն առաջին հարցազրույցում պատմել է իր պլանների մասին


08:50 , 12 նոյեմբեր, 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ընտրվելուց հետո առաջին հարցազրույցում պատմել է իր առաջնահերթ պլանների մասին։ Նա հայտնել է, որ առաջին հերթին մտածում է առողջապահության և զբաղվածության ոլորտում խնդիրների լուծման, ինչպես նաև սահմանային վերահսկողության ուժեղացման, հարկային բարեփոխման մասին, այլ ոչ թե Քլինթոնի փոստային սկանդալի։ Այս մասին նա ասել է The Wall Street Journal-ի հետ զրույցում։

Թրամփը մտադիր է համախմբել ամերիկացի ժողովրդին՝ կառուցելով երկիր, որտեղ «բոլորը կսիրեն միմյանց»։ Նա խոստացել է լինել ավելի դրական, սակայն հաստատել է, որ նախկինի պես լուրջ է տրամադրված թմրաթրաֆիքի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում։

Նրա կարծիքով՝ երկրում ներքին լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը աշխատատեղեր ստեղծելն է։

Բացի այդ, ԱՄՆ նախագահի պաշտոնում ձեռնարկատերը մտադիր է հասնել ֆինանսական կազմակերպությունների համար վերահսկողության թուլացման, ինչը թույլ կտա բանկերին կրկին փոխառություններ տրամադրել։

Թրամփը նաև հայտնել է, որ նախագահի լիազորությունները պաշտոնապես ստանձնելուց հետո ծրագրում է կենտրոնանալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա, այլ ոչ թե Բաշար Ասադին իշխանությունից զրկելու փորձերի։