Հենրիխը ամենապրոֆեսիոնալն է այն բոլոր ֆուտբոլիստներից, ում երբևէ հանդիպել եմ. Մովսիսյան


14:25 , 25 փետրվար, 2013

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել «RBC Daily»-ին։

- Յուրա, դուք նորեկ եք «Սպարտակում»։ Պատմեք, թե ինչպես Ձեզ այստեղ ընդունեցին։

- Ես ֆանտաստիկ էմոցիաներ ունեմ։ Թիմի տղաներն ինձ հիանալի ընդունեցին։

- Դուք ռուսերենով հարցազրույց չեք տալիս, նախընտրում եք անգլերենը կամ հայերենը։ Սակայն ես լսել եմ, որ դուք ռուսերեն լավ եք խոսում։

- Շնորհակալ եմ (ծիծաղում է)։ Ռուսերեն հարցազրույց չտալու պատճառն այն է, որ ես լեզվին 100 տոկոսով չեմ տիրապետում։ Եվ չեմ ուզում ասել բաներ, որոնք կարող են այլ իմաստ ունենալ։

- Դուք մի շարք առաջարկներ եք ունեցել, որոնց թվում եղել է նաև «Էվերտոնը»։ Ինչո՞ւ ընտրեցիք «Սպարտակը»։

-Գիտեք, այժմ ինձ համար կարևոր չեն այն ակումբները, որոնք ժամանակին հետաքրքրվել են իմ ծառայություններով։ Ես որոշեցի տեղափոխվել «Սպարտակ» այն պարզ պատճառով, որ այդ ակումբը մշտապես եղել է Ռուսաստանում լավագույնը։

- «Սպարտակն» առայժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, որը թիմին եվրագավաթներում հանդես գալու հնարավորություն չի տալիս։

- Այո, Ռուսաստանի առաջնությունում այս պահին լավագույն արդյունքը չենք ցուցադրում։ Սակայն Եվրոպա լիգայի և նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները դեռ պահպանում ենք։ Կարծում եմ՝ եթե հաղթենք բոլոր տնային խաղերում, ապա կհավակնենք բարձր տեղերի։ Ես երբեք լավատեսությունս չեմ կորցնում։

- Դուք բնակվել եք ԱՄՆ-ում 12 տարեկանից և կարող էիք հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում, սակայն որոշեցիք խաղալ Հայաստանի հավաքականում։ Ինչո՞ւ։

- Որովհետև ես հայ եմ։ Ազգային հավաքականում հնարավոր է խաղալ միմիայն սրտով, դու պետք է խաղաս մարդկանց համար, հայրենիքի համար։ Այո, ես մեծացել եմ ԱՄՆ-ում և կարող էի հանդես գալ այդ երկրի հավաքականում, սակայն իմ սիրտը պատկանում է Հայաստանին, և ես միշտ երազել եմ խաղալ իմ հայրենի երկիրը ներկայացնող հավաքականում։

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականն այժմ ուժե՞ղ խաղ է ցուցադրում։

- Գիտեք, մեր թիմը բավական երևիտասարդ է, և շատ են այն ֆուտբոլիստները, ովքեր ֆանտաստիկ են խաղում։ Կարծում եմ, որ մեզ կհաջողվի հեռուն գնալ։

- Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Շախտյորում»։ Դուք նրա հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք։

- Ես և Հենիրխը լավ ընկերներ ենք։ Մենք շատ ենք շփվում, նամակներով փոխանակվում։ Դուք իրավացի եք, Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է, և հենց հիմա մեր աչքերի առջև նա վերածվում է համաշխարհային աստղի։ Ես նույնիսկ կասեի, որ նա ամենապրոֆեսիոնալն է այն բոլոր ֆուտբոլիստներից, ում ես երբևէ հանդիպել եմ։ Նրա մոտեցումը աշխատանքին, նրա ինքնանվիրումն իսկապես իր հարստությունն են։ Եվ այս բոլոր որակներով հանդերձ՝ նա սովորական տղա է։