Կյանքը Թրամփից հետո


13:09 , 10 նոյեմբեր, 2016

Картинки по запросу թրամփԹրամփն ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ։ Նրա մրցակիցն արդեն ընդունել է իր պարտությունը։ Սա անակնկալ էր ողջ աշխարհի համար, եթե չասենք՝ շոկ։ Ու բանն այն չէ, որ Թրամփն էր այդքան վատ թեկնածու, կամ էլ Քլինթոնն էր այդքան լավը։ Հարցն այն է, որ մինչև այժմ ԱՄՆ-ում չէին եղել այսքան կեղտոտ ու միակողմանի ընտրություններ՝ ընտրապայքարի ու քարոզչության առումով։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների այսպիսի դիսբալանսի պարագայում միայն հրաշքը կարող էր Թրամփին նախագահ դարձնել։ Ու այդ հրաշքը եղավ․ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քվեարկեց այս հակասական գործչի օգտին։

Այդուհանդերձ, ի՞նչ ակնկալել Թրամփի նախագահությունից։ Սա արդեն շատ ավելի բարդ հարց է, որովհետև իրոք անհնար է որևէ հստակ պատկերացում ունենալ հետագա զարգացումների մասով, քանի որ փոփոխականները չափազանց շատ են։

Եթե Թրամփը հավատարիմ մնա իր նախընտրական խոստումներին ու ծրագրերին, և նրան չհեռացնեն նախագահությունից ինչ-որ եղանակով, ապա ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին սպասվում է շատ տուրբուլենտ շրջան։ Մինչ թրամփապաշտներն ու թրամփատյացները ֆիքսվել են այնպիսի չնչին հարցերի վրա, ինչպիսիք են նրա՝ սեքսիստ ու ռասիստ լինել-չլինելը, Մեքսիկայի սահմանին պատ կառուցելը և մահմեդականների ներգաղթն արգելելը, Թրամփը շատ ավելի հավակնոտ պլանների մասին է ազդարարել։ Ավելի կոնկրետ եթե խոսենք, ապա Թրամփն ազդարարել է ամերիկյան ռեալ տնտեսության վերածնունդը ու խոստացել է այնպես անել, որ արտադրությունները դեպի Չինաստան ու էժան աշխատուժի համար նախապատվելի երկրներ տեղափոխած արդյունաբերական գիգանտները կրկին վերադառնան ԱՄՆ և աշխատատեղեր ապահովեն ամերիկացի աշխատուժի համար։

Սա շատ հավակնոտ պլան է իրականում, որը տեկտոնիկ շարժերի կարող է բերել գլոբալ տնտեսությունում։ Ինչ խոսք, եթե այն կյանքի կոչվի, ապա ամերիկյան տնտեսությունը կհառնի ու ռեալ առաջընթաց կգրանցի, բայց սա կարող է խորտակիչ հարված դառնալ չինական տնտեսության համար, ինչպես նաև բերել համաշխարհային շուկայի լուրջ ցնցումների։ Էլ չխոսենք այն մասին, թե ինչ մահացու վտանգ է նման ռեֆորմը վերազգային կորպորացիաների համար, ովքեր հարյուրավոր միլիարդներ են աշխատում գործող տնտեսական մոդելի՝ իրենց «հագով կարված» լինելու արդյունքում։

Սակայն կարծում եմ՝ պետք չէ շտապել կանխատեսումներ անելիս։ Ի վերջո, Թրամփը թեև մեծամասնության նախագահն է, այդուհանդերձ նրան կարելի է համարել նաև պատահական նախագահ։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք ականատես ենք լինելու առճակատման՝ Սպիտակ տան և Կոնգրեսի միջև։ Այո՛, Կոնգրեսի երկու պալատներում էլ հաղթել է Հանրապետական կուսակցությունը (չշփոթել ՀՀԿ-ի հետ :) ), բայց չմոռանանք նաև, որ Հանրապետականները մինչև վերջ էլ չկոնսոլիդացվեցին Թրամփի թեկնածության շուրջ, ու առհասարակ, ընտրարշավի հենց սկզբից հանրապետական իսթեբլիշմենթն անում էր ամենը, որպեսզի Թրամփը չդառնա հիմնական թեկնածու, բայց ստեղծված իրավիճակում նրանք պարզապես ստիպված էին հաշվի նստել այն հսկայական ժողովրդականության հետ, որն ուներ Թրամփն ու միայն Թրամփը։

Այնպես որ առաջիկա 1-1,5 տարին ԱՄՆ-ում ներքաղաքական բարդ պրոցեսներ են սպասվում, որոնց արդյունքում կա՛մ Թրամփը կհաղթի իր խարիզմայով ու համառությամբ, կա՛մ էլ քաղաքական վերնախավը՝ իր անհուն ռեսուրսներով ու գրեթե անսահման ազդեցությամբ։ Հնչում են դավադրությունների տեսություններ առ այն, որ Թրամփին անգամ կարող են ֆիզիկապես լիկվիդացնել, ինչպես դա եղավ մեկ այլ պատահական նախագահի՝ Քեննեդու դեպքում, սակայն անձամբ ես հակված չեմ հավատալու նման գաղջ սցենարի։ Ավելի շուտ չէի բացառի այն, որ ինչ-որ մի փուլից Թրամփին կարող են իմպիչմենթի ենթարկել, եթե նա չհնազանդվի քաղաքական վերնախավի պահանջներին ու շարունակի խաթարել նրանց գլոբալ տեսլականն ու մեծ խաղի կանոնները։