Թրամփի հաղթանակով կարելի է բարելավել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները. Գորբաչով


09:08 , 10 նոյեմբեր, 2016

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով հայտնվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Խորհրդային միության առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

«Ես չեմ բացառում, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են զգալիորեն բարելավել։ Ես համոզված եմ, որ անհրաժեշտ է այժմ բարձր մակարդակով երկկողմ երկխոսություն հաստատել։ Հատկապես դա վերաբերվում է միջազգային քաղաքականությունում գլխավոր ուղղություններին։ Եվ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ երկխոսության խափանում»,-ասել է Գորբաչովը Interfax-ի հետ հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Թրամփի անփորձությանը, Գորբաչովն ասել է. «Կաշխատի՝ փորձ կկուտակվի»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր էր ուղղել ԱՄՆ-ի ապագա՝ 45-րդ նախագահին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կծառայի երկու երկրների շահերին։