ԵԱՀԿ դրական է գնահատել ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքը, սակայն թերություն մատնանշել


08:40 , 10 նոյեմբեր, 2016

Նախագահական ընտրությունների ընթացքում ԱՄՆ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները պահպանվել են՝ ասվում է ընտրարշավի դիտարկման արդյունքներով ԵԱՀԿ առաքելության հաղորդագրությունում, որը զետեղվել է կազմակերպության կայքում։

«Անցկացված արշավի դինամիկան և սրությունը ցույց է տվել հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանում»,-ասվում է ԵԱՀԿ հայտարարությունում։

Ընդանուր առմամբ առաքելությունն ԱՄՆ նախագահական ընտրությունները մրցունակ է ճանաչում՝ հայտարարել է հատուկ համակարգող և առաքելության ղեկավար Քրիստին Մուտոնենը։

Նշվում է, որ միևնույն ժամանակ միլիոնավոր քաղաքացիների ձայնը լսելի չի եղել։ Կազմակերպության տվյալներով՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 35 մլն մարդ գրանցված չի եղել ընտրություններին մասնակցելու համար, ինչն ընդգծում է գրանցման ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, հատկապես փոքրամասնությունների ու մարգինալացված խմբերի շրջանում։

ԵԱՀԿ դիտորդներն ԱՄՆ նախագահական ընտրությունների էլեկտրոնային համակարգերում արտաքին միջամտություն չեն արձանագրել։