
22:08 , 7 նոյեմբեր, 2016
Ատոմ Էգոյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 1991-ին, երբ նրա «The Adjuster» ֆիլմը մասնակցում էր Մոսկվայի կինոփառատոնին: Էգոյանն ու կինը՝ դերասանուհի, սցենարիստ եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, առիթն օգտագործեցին Մոսկվայից Երեւան գալու:
|
Ատոմ Էգոյանը կնոջ՝ Արսինե Խանջյանի հետ |
«Ես կարեւորում եմ արդարության մասին հարցադրումներ բարձրացնելը:
Հաճախ կարծում ենք՝ ժամանակը կբուժի վերքերը։ Բայց վերքերը դեռ բաց են՝ թե վերապրածների, թե հանցագործների:
«Remember» ֆիլմը դեռեւս ապրող ականատեսների մասին է եւ՝ հենց հանցագործների մասին: Ինչ-որ առումով ֆիլմը սադրիչ է: Այն այժմեական է եւ հրատապ՝ հաշվի առնելով վերապրածների տարիքը: Մարդասպանությունը, հատկապես՝ զանգվածային մարդասպանությունը, չունի վաղեմության ժամկետ, եւ եթե անտարբեր ես, դառնում ես հանցակից»,- ասում է Էգոյանը:
Հայ հանդիսատեսին Էգոյանն ու Խանջյանը հավանաբար հայտնի են հատկապես «Արարատ» ֆիլմով (2002 թ.), որն արծարծում է Հայոց ցեղասպանության թեման: «Որոշեցի նկարել ֆիլմ, որը կներկայացնի, թե ինչպես է ժխտումը փոխանցվել սերնդեսերունդ եւ ինչ կերպ է ազդել մարդկանց վրա: Սա բազմաբարդ ֆիլմ է»,- նշում է Էգոյանը:
|
«Արարատ» ֆիլմի թիմն Ատոմ Էգոյանի (ձախից երրորդը) հետ |
«Արաբկիրում հավանաբար ունեցել են խաղողի այգիներ, որովհետեւ հայրս հիշում է իր հոր պատմածը, թե ինչպես են թուրքերը եկել խաղողի այգիներ, ինչպես են հետեւել իրենց ու պատրաստվել հարձակման, եւ ինքը փախել է Եգիպտոս: Նրա ընտանիքը մնացել է Արաբկիրում եւ ոչնչացվել»,- պատմում է Էգոյանը:
Այնուհետեւ Եղիան գնացել է Հալեպ։ Այնտեղ էլ որբանոցներից մեկում գտել է իր ապագա կնոջը: Էգոյանի տատիկ Արշալույսն էլ Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է, սակայն ընտանիքը չգիտի՝ որտեղ է նա ծնվել: Եղիան ու Արշալույսն ունեցել են 4 երեխա, որոնցից կրտսերը՝ Ժոզեֆը (Հովսեփ), Էգոյանի հայրն է:
|
Ատոմի հայրական ընտանիքը. Ատոմի հայրը՝ Ժոզեֆը, աջ կողմում |
««Արարատում» հնչում է «Երազ» երգը։ Դա միակ բանն է, որ տատիկս հիշում էր իր մանկությունից: Ինձ համար շատ զգայական պահ էր իմ պատմության այս կտորները ֆիլմում ներառելը»,- նշում է Էգոյանը:
Մայրական պապը՝ Միսաք Դեւլեթյանը, Կեսարիայից էր, որտեղ զբաղվում էր գորգագործությամբ: Միսաքը մահացել է, երբ Ատոմի մայր Շուշանն ընդամենը մեկ տարեկան էր: Ջարդերից առաջ ընտանիքը տեղափոխվել է Կահիրե:
|
Ատոմի մայրական կողմի տատիկն ու պապիկը |
Ատոմ Էգոյանի ծնողները՝ Հովսեփը եւ Շուշանը, նկարիչներ էին եւ նկարչություն էին սովորում։ Կահիրեում նաեւ կահույքի բիզնես ունեին, որը կոչվում էր «Ego Arts»: Քաղաքական կլիմայի պատճառով Էգոյանները 1963-ին Կահիրեից տեղափոխվում են Արեւմտյան Կանադա եւ բնակություն հաստատում Բրիտանական Կոլումբիայի վարչական կենտրոնում՝ Վիկտորիա քաղաքում։ Այնտեղ նրանք շարունակեցին իրենց կահույքի բիզնեսը՝ ստեղծելով նոր «Ego Interiors» ընկերությունը: Իրենց ազգանունը անգլերենին համահունչ դարձնելու նպատակով նրանք Եղոյանը (Yeghoyan) դարձրին Էգոյան (Еgoyan): Նրանք միակ հայկական ընտանիքն էին Վիկտորիայում:
|
Ատոմի ծնողներն ու տատիկը՝ իր եւ քրոջ՝ Իվի հետ |
«70-ականների վերջն էր, եւ դժվար ժամանակներ էին հանրության համար։ Ահաբեկչություն կար, «Արդարության մարտիկներ», եւ Ուսանողների միությունը բավականին ակտիվ ու մարտական էր:
Հանկարծ հայտնվեցի այս թոհուբոհի մեջ: Օտտավայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, եւ իմ կանադական ու հայկական ինքնությունները բախվեցին: Դրանից կարճ ժամանակ անց էր, որ հանդիպեցի Արսինեին։
Նա չէր հասկանում, թե ինչու էր կյանքիս այդ դրվագն այդքան բարդ, եւ թե ինչու էի պայքարում երկու այդքան տարբեր աշխարհները շաղկապելու համար: Արսինեն Բեյրութից էր եւ բոլորովին այլ դաստիարակություն էր ստացել: Մեր զրույցները հրատապ էին ու հույժ կարեւոր: Ես բազմաթիվ հարցեր ունեի ինքնության մասին: «Արարատում» մի տեսարան կա, երբ Դավիթը (Քրիստոֆեր Փլամեր) հարցնում է Րաֆֆիին (Դավիթ Ալպայ), թե իր հետ ինչ է բերում Թուրքիա՝ երբեմնի պատմական Հայաստանի տարածքներ կատարած ճամփորդությունից: Հարցերը բեռին էին վերաբերում: Որոշ սփյուռքահայերի համար գուցե այս ամենն ավելի ֆոլկլորային է՝ ազգային խոհանոց, պարեր եւ այլն։ Սակայն ինձ համար ինքնության անմիջական աղբյուրը հարցի քաղաքականությունն է եւ դրա կարեւորությունը»:
|
Ատոմն ուսանողության տարիներին |
Դեռ ուսանողության տարիներին Ատոմ Էգոյանի առաջին կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվում էին փառատոներին եւ հաջողություն ունենում: 1979-ին Էգոյանը հիմնեց «Ego Film Arts» կինոընկերությունը (նրա հոր կահույքի խանութը՝ «Ego Interiors»-ը, հրո ճարակ էր դարձել)։ 1984-ին Էգոյանի առաջին՝ «Հարազատները» (Next of Kin) լիամետրաժ ֆիլմը նրան ճանաչում բերեց ոչ միայն Կանադայում, այլ ամբողջ հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում:
Իր կարիերայի ընթացքում Էգոյանը հայտնվել է նաեւ տեսախցիկի մյուս կողմում։ Նա նկարահանվել է այլ ռեժիսորների ֆիլմերում։ Մի քանի վավերագրական ֆիլմեր ներկայացրել են նրա գործունեությունը որպես ռեժիսոր: Ստեղծագործական պրոցեսում Ատոմը համագործակցել է նաեւ քրոջ՝ դաշնակահարուհի Իվ Էգոյանի, որդու՝ Արշիլի հետ։ Այդուհանդերձ, նրա կինոկարիերայում առանձնահատուկ տեղ ունի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Մեր համատեղ կյանքը հայկական ինքնության բացահայտման ճամփորդություն է: Այս առաքելության մեջ մենք գործընկերներ ենք, որոնք փորձում են հասկանալ, թե որն է ինքնության իմաստը»,- ասում է Էգոյանը։
«Մենք երկուսս պատասխանատվություն ենք ստանձնել՝ պատկերելու մեր ինքնության հարցն ու ցեղասպանությունը,- նշում է կինոռեժիսորը,- մենք վճռական ենք, քանի որ ի սկզբանե դա եղել է մեր միավորյալ էության մի մասը։
Թուրքիան նախնիներիս երկիրն է՝ աշխարհագրորեն, եւ արեւմտահայ միակ համայնքը, որն սփյուռք չէ, ապրում է այնտեղ։ Ինքնության տեսանկյունից, սակայն, Հայաստանն է ինձ համար հայրենիք՝ վայր, ուր ես շարունակաբար վերադառնալու եմ:
Արաբկիրում չեմ եղել, բայց մի օր կգնամ։ Չեմ եղել Վասպուրականում՝ իմ ընտանիքի օրրանում: Այդ վայրերն այցելել եմ «Արարատ» ֆիլմում, որի գլխավոր հերոս Րաֆֆին ուղեւորվում է դեպի այդ տարածքներ, որ վերջապես ավարտին հասցնի ճանաչողության իր ճամփորդությունը»:
Լուսանկարները՝ Ատոմ Էգոյանի ընտանեկան արխիվից