18:22 , 5 նոյեմբեր, 201618.21
Երևանում այսօր մեկնարկած Անոնիմուսների երթն այս պահին շարժվում է Կորյուն փողոցով, որտեղից ցուցարարներն իջնելու են Նալբանդյան փողոց: Երթը խաղաղ է ընթանում, մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան, «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Սասնա ծռեր»:
Երթի ընթացքում Շահեն Հարությունյանը դիմելով մասնակիցներին՝ հորդորեց ոստիկանության կողմից ներդրված սադրիչներին դուրս գալ երթից:
«Ոստիկանությունն ինձ ասաց, որ մասնակիցների մեջ էլեկրարաշոկ ունեցող մարդ կա, նորից զգուշացնում եմ բոլորին, որ երթն ունի խաղաղ նպատակ»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով,– Ոստիկանությանն էլ հորդորում եմ, որ սադրիչներին դուրս բերի այս շարքերից: Ես այստեղ արդեն քաղաքացիական հագուստով ոստիկաններին տեսել ու բարևել եմ, իրենք մեր մեջ շատ են»:
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նախաձեռնած Անոնիմուսների հայտնի երթը:
Շահեն Հարությունյանը հրապարակում հայտարարեց, որ հորը՝ Շանթ Հարությունյանին կալանավորելուց հետո ամեն տարի անցկացրել ու պատրաստվում են անցկացնել նմանատիպ երթ:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին նույն Անոնիմուսների ակցիայի ժամանակ ձերբակալվեց, ապա կալանավորվեց նրա հայրը՝ Շանթ Հարությունյանը:
Շահեն Հարությունյանը նաև հայտարարեց, որ եթե հաջորդող հանրահավաքներում 10-15 հազար մարդ հավաքվի Ազատության հրապարակում, իրենք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Երթի մոտ 200 մասնակիցները անոնիմուսների դիմակներով ու ջահերով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ