18:05 , 4 նոյեմբեր, 2016«Շանթ» հեռուստաընկերության «Արենա Live» ծրագրի շրջանակներում երգչուհի Սոնա Ռուբենյանն իր լսարանին է ներկայացել առաջին մենահամերգով։ Համերգի ժամանակ հնչեցին երգչուհու՝ ինչպես հին ու արդեն սիրված, այնպես էլ նոր երգերը։ Նախագիծը եթերում կլինի նոյեմբերի 12-ին։ BlogNews-ը ներկայացնում է լուսանկարներ համերգից և զրույց Սոնայի անցած ճանապարհի մասին։

«Շատ կարճ ժամանակ ունեինք պատրաստվելու համար։ Շնորհակալ եմ երաժիշտներին, որոնց շնորհիվ կարողացանք արագ գլուխ բերել այս ամենը»,- ասաց երգչուհին, ով նոյեմբերի 13-ին էլ Գարիկի հետ է համերգ ունենալու։ Նրանք հայկական երգերը ներկայացնելու են նոր մշակմամբ։ «Արենա Live»-ի հաղորդավար Գարիկը սրտնեղեց, որ այս համերգին պատրաստվելու համար Սոնան չէր գնում իրենց փորձերին :) Մեզ հետ զրույցում Սոնան հակադարձեց. «Խաբում է։) Ընդամենը 3-4 փորձի չեմ գնացել, սակայն այսօրվանից վերսկսելու ենք փորձերը»։
Երգչուհին, ով իր առաջին քայլերը սկսել է 5 տարեկանից, չի պատկերացնում իր կյանքն առանց երգի։ «Երաժշտությունն ինձ մոտ ապրելակերպ է դարձել։ Երբ փոքր ժամանակ մի պահ մտածում էի՝ եթե չկարողանամ երգել, ի՞նչ պետք է անեմ, չէի պատկերացնում՝ ինչպես պետք է շարժվի կյանքս։ «Շնորհակալ եմ» երգն իմ հոգուց է բխում, շատ հարազատ է ինձ։ Այսպիսի տողեր կան՝ «Շնորհակալ եմ հոգով, որ ծնվել եմ երգով»։ Դա իսկապես այդպես է։ Նույնիսկ փորձերին կատարելիս հուզվում եմ»,- ասաց նա ու հավելեց, որ երգի երաժշտության հեղինակն Արամ Ավագյանն է, խոսքերինը՝ Անիտա Հախվերդյանը։

Երգչուհին նշեց, որ իր ճանապարհը հեշտ չէ, սակայն դրանից չի ընկճվում։ «Շատ դժվար է, շատ հիասթափություններ են լինում, բայց եթե առաջին դժվարությունից հիասթափվես ու զենքերդ վայր դնես, ոչնչի չես հասնի»,- ասաց Սոնան։
Երգչուհուն նեղացնում են անտեղի քննադատությունները, որոնք արվում են ցավեցնելու նպատակով. «Ես միշտ ընդունում եմ քննադատություններ, որովհետև եթե չընդունեմ, չեմ աճի, սակայն դրանք պետք է տեղին լինեն»։
Սոնան նշեց, որ բարդ է իր հոգու երգը ներկայացնելը։ «Հիմա կոմերցիայի դար է։ Որպես արդեն հասուն մարդ՝ պետք է նաև գումար աշխատես, բայց ես չեմ կարող կոմերցիոն երաժշտություն անել։ Ես իմ երգով չեմ կարողանում ֆինանսապես անկախ լինել ծնողներիցս։ Դրա համար դժվար է, երբ անում ես քո ներքին երաժշտությունը՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա։ Դու անում ես երգ, գործիքավորում, տեսահոլովակ, բայց քո հոգու համար, որովհետև չես կարող ապրել առանց դրա»։

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ վիրավորվու՞մ է, երբ իր ստեղծած որակյալ աշխատանքը չի ունենում համապատասխան դիտելիություն ու գնահատական. «Անկեղծ՝ չէ։ Իմ կարծիքով՝ դա օրինաչափ է։ Ամեն ինչ մշակույթից է սկսվում։ Մարդու դաստիարակության վրա շատ մեծ ներգործություն ունի մշակույթը»։
Համերգի ժամանակ Սոնան 2 պրեմիերա արեց՝ «Արցախ» և «Հնչիր» երգերը։ «Արցախի» երաժշտությունն ինքն է գրել, խոսքերը՝ մայրը՝ Արմինե Սարգսյանը։ «Հնչիր» երգի երաժշտության հեղինակը Կարեն Անանյանն է, խոսքերինը՝ Արմինե Սարգսյանը, գործիքավորումն արել է Նիկ էգիբյանը։ Երգի մեջ հնչում է նաև թառ, որը նվագել է Միքայել Ոսկանյանը։ Երգչուհին երեկ արել է «Արցախ» երգի ինտերնետային պրեմիերան։

Ստեղծագործական համագործակցության մասին BlogNews-ը խոսեց նաև Սոնայի մայրիկի՝ տիկին Արմինեի հետ։ «Ես ուղղակի սկսեցի գրել, հետո խոսքերս դարձան երգեր։ Ես պրոֆեսիոնալ երաժիշտ չեմ, Սոնան շատ է օգնում ինձ։ Սոնայի հետ շատ հեշտ է աշխատելը, որովհետև ինքն անմիջապես կենտրոնանում է։ Եթե իր օգնությունը չլիներ, ինձ համար շատ բարդ կլիներ։ Ստեղծագործական տիրույթում Սոնան է իշխում, իր խոսքն է անցնում:) Իսկ առհասարակ ինքը լսում է իմ խորհուրդները և ընդունում։
Երգչուհին Կարեն Անանյանի, Նարեկ Գևորգյանի, Արմեն Ավետիսյանի և Դավիթ Պողոսյանի հետ ստեղծել է իր բենդը, որի հետ նախատեսում է համերգներ ունենալ ակումբներում և համերգասրահներում։ «Միտք ունեմ դեկտեմբերին այս ծրագրի համալրված տարբերակով ներկայանալ ինչ-որ համերգասրահում»,- եզրափակեց Սոնան։























Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի