14:28 , 2 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար դեռ վաղ է հեռանալ մեծ սպորտից:
«Արսենին այս պահին հնարավորություն է տրվել, որ մի քիչ հանգստանա՝ Օլիմպիական խաղերում սայթաքումից հետո: Բոլորս էլ գիտենք, որ նա լավ մարզավիճակում էր և ճիշտ չմոտեցավ առաջին գոտեմարտին: Արսենի մոտ դեռ ամեն ինչ վերջացած չէ: Նա մեծ ցանկությունով մարզվում է: Ժամանակը և մրցումները ցույց կտան՝ իր ժամանակն անցել է թե ոչ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի առաջին իսկ գոտեմարտում պարտվեց: Օլիմպիական խաղերից հետո Ջուլֆալակյանը երեք հաղթանակ է տոնել Բունդեսլիգայում և մասնակցել է Իրանի ակումբային առաջնությանը, որտեղ ևս հաղթանակներ է տարել: