Հայկ Բաբուխանյանը հերքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողների հասցեին վիրավորական արտահայտություններ է ասել


13:17 , 23 փետրվար, 2013

Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքվում է երեկ այդքան մեծ աղմուկ բարձրացրած լուրը, թե Բաբուխանյանը ասել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված մարդիկ հոմոսեքսուալներ են, աղանդավորներ և անգիտակից։ Մեջբերում եմ հայտարարության տեքստը.

ՍԻՄ լրատվական ծառայությունը տարածել է հերքում, առ այն, որ Ֆեյսբուքում եւ որոշ լրատվամիջոցներում հրապարակված այն սադրիչ հայտարարությունները, թե այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կիսում է այն կարծիքը, որ Ր. Հովհաննիսյանին ձայն են տվել անգիտակից մարդիկ, իսկ այդ հարցին պատգամավորը իբրեւ թե պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել միայն հոմոսեքսուալիստները, աղանդավորները եւ անգիտակից մարդիկ: Սա ամբողջությամբ հերյուրանք է: Նշենք, որ սա սովորական սադրանք է եւ էժանագին ապատեղեկատվություն, եւ այն լրատվամիջոցները, որոնք տիրաժավորել էին ֆեյսբուքյան այդ ապատեղեկատվությունը, արդեն իսկ ներողություն են խնդրել եւ հերքել են այն: Իրականում Հ. Բաբուխանյանը ոչ միայն չի ասել նման խոսք, ոչ միայն չի կիսել այն կարծիքը, թե միայն անգիտակից մարդիկ են ձայն տվել Ր. Հովհաննիսյանին, այլև նշել է, որ շատերը գիտակցաբար այդպես են վարվել իշխանություններին ընդդեմ քվեարկելու համար:

ՍԻՄ լրատվական ծառայություն