12:12 , 2 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
2017 թվականի բյուջեի առանձնահատկությունները պայմանավորված են առկա իրողություններով և պետք է հաշվի առնել այն սահմանափակումները, որոնք առաջացել են մի դեպքում պարտքի, մյուս դեպքում՝ հնարավոր լրացուցիչ եկամուտների առումով, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում
Պատասխանելով հարցին, որ բյուջեով նախատեսված չէ թոշակների և աշխատավարձերի բարձրացում, նախարարը նշեց. «Վստահ եղեք, որ առաջին հերթին միջոցներն ուղղվում են առաջնահերթություններին»։
«2017 թվականի բյուջեի նախագծում, եթե պայմանական 30 մլրդ լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթոշակների բարձրացման համար, ապա մենք լրացուցիչ միջոցներ չենք ունեցել եկամուտների առումով, հետևաբար սա նաև ծախսային քաղաքականության վրա է արտահայտվել», - ասաց Ա.Ասատրյանը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք օպտիմալացումը անհրաժեշտ գործընթաց է, քանի որ այն դառնում է գործազրկության պատճառ, նախարարն ասաց. «Հարցադրմանը նայեք արդյունավետ զբաղվածության տեսանկյունից։ Սա նաև պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքին է վերաբերում։ Օպտիմալացումն ինքնանպատակ չէ։ Օպտիմալացման հետ կապված աշխատանքները շարունակվում են և դրանք արդյունք կտան։ Այստեղ կա ճիշտ որոշում կայացնելու խնդիր»։