Արարատ Խանդոյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Լուսանկարներ


18:14 , 1 նոյեմբեր, 2016

Արարատ Խանդոյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. ԼուսանկարներAysor.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը հետաձգվեց:

Դատական նիստին Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց:

«Ես հինգ հատորից դեռ երեք հատորին եմ հասցրել ծանոթանալ, բացի այդ, քրեական գործի նյութեր պետք է ստանամ, որոնց դեռ ծանոթ չեմ:  Միջնորդություն եմ ներկայացնում հետաձգել դատական նիստը», - ասաց նա:

Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին:

Նշենք, որ Արարատ Խանդոյանին դատարանում դիմավորեցին ծափահարություններով:

Նա հայտարարեց, որ իրեն «հետապնդում են քաղաքական հայացքների համար» ու առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: