Նոր ձերբակալություններ՝ Թուրքիայում


16:19 , 1 նոյեմբեր, 2016

Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո գյուելնականների դեմ իրականացվող գործողության շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Այս անգամ ձերբակալվել են Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի աշխատակիցները, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:

Գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի հինգ նահանգներում, այդ թվում և Անկարայում: Ձերբակալվել է Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի 21 աշխատակից:

Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին և 14 աշխատակիցներին։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK), գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: